04 12 2023

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա Նարեկ Հ.-ն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի ուշ Նարեկ Հ.-ն մահացել է հիվանդանոցում:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև ՝ երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ:

 Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ