Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
««Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:
Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը:
Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։
1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148):
Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները: Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը:
Մեր արձագանքը
Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։
Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը