18 11 2023

Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու

Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու

Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։

Հանդիպմանը ներկա լինելու համար Հայաստան էր եկել Ուելսի հավաքականի ավելի քան 1200 երկրպագու։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ։

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է, որ 32 երկրպագու ձերբակալվել է։ 

Երևանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, և իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Ուելսի երկրպագուներից մեկը զայրացած պատմել է, որ իրենց համար շոկ էր, երբ իրեն ձերբակալեցին մի խումբ ընկերների հետ քաղաքում հաճելի գիշեր անցկացնելուց հետո:

«Մենք բավականին ուշ ժամի վերադառնում էինք հյուրանոց, ոստիկանները մեքենայով մոտեցան մեզ, տարան բաժին և այնտեղ մնացինք մինչև այսօր 15։30-ը։

Նրանք մեզ վիրավորում էին, ջուր չէին տալիս։ Ոչ մի բացատրություն չէին տալիս, թե ինչու են մեզ բերման ենթարկել։ Մենք անընդհատ հարցնում էինք, մեզ չէին պատասխանում», - պատմել է երկրպագուն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է՝ Երևանում բերման են ենթարկվել օտարերկրացիներ:

«16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել բերվել են բաժին և ազատ են արձակվել»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, հայտնում են ոստիկանությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ