«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը ԱԺ հայտարարության ժամին
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս ծանրագույն օրերին ստիպված ենք առերեսվելու պատմական դաժան իրողությանը։ Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվել են՝ ենթարվելով ցեղասպանության, ծրագրված դաժանությունների, էթնիկ զտումների, անդառնալի և ամենաթանկ՝ մարդկային կորուստներով։ Գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև է կանգնած նաև Հայոց պետականությունը։
Այո՛, մղձավանջ է։
Շատ մոտ անցյալում արցախցին ապրում էր անվտանգ, արժանապատիվ, իր աշխատանքով կառուցում էր իր տունը, շենացնում էր իր պատմական հայրենիքը, օր-օրի բարելավում էր իր և իր ընտանիքի կյանքի որակը։
Ահռելի են նյութական կորուստները, որոնք դարեր շարունակ ստեղծվել էին ԱՐՑԱԽՑՈՒ ստեղծագործ, քրտնաջան աշխատանքով։ Այսօր արդեն մեր հայրենակիցները կորցրել են իրենց հողն ու ջուրը, տունն ու տեղը, սեփական քրտինքով ապրելու և զարգանալու ողջ հնարավորությունները։
Աներկբա է․ Հայաստանի իշխանություններն առաջնային պարտավորություն ունեն՝ ապահովելու անհրաժեշտ հանրային միջավայր, բավարար պայմաններ և երկարաժամկետ իրական երաշխիքներ Հայաստանում արցախահայության ինտեգրման համար։
Իշխանական ծրագրային խոստումների և հայտարարությունների մասին, որոնց ճիշտ հակառակը դաժան իրականություն է․ «Արցախը Հայաստան է և վե՛րջ։ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով։ Ստեղծվելու են միջազգային բավարար մեխանիզմներ՝ Արցախի անվտանգությունը և արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր հայի տուն բերելու ենք երջանկություն և բարեկեցություն։ Հետո արդեն՝ լուծում ենք արցախահայության նվազագույն կենսական ծախսերի հատուցման, այլ սոցիալական, ժամանակավոր կացարանով ապահովելու, առողջապահական, կրթական, զբաղվածության, բնակարանային ապահովման խնդիրները»։
Իրական վերջին փաստերի մասին․ «Բռնի տեղահանված արցախահայության հաշվառումն իրականացվել է անկազմակերպ՝ քանակական և բովանդակային բազմաթիվ բացթողումներով։ Ընտանիքների կարիքների համակարգված գնահատում չի իրականացվում՝ չնայած առաջնային կարևորությանը, դրա համար անհրաժեշտ սոցիալական աշխատողների ներուժի և գործիքակազմի բավարար առկայությանը։ Մեկ անձին 50 հազար դրամ ժամանակավոր կացարանով ապահովելու և կոմունալ ծախսերի հատուցման, 50 հազար դրամ էլ կենսական նվազագույն ծախսերը հոգալու պետական աջակցությունը խիստ անհամարժեք է, եթե հաշվի առնենք՝ բնակարանային վարձավճարների աստղաբաշխական, աճող գները, մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը կազմում է շուրջ 80 հազար դրամ։ Լուծված չեն պետական կենսաթոշակների և նպաստների վճարման խնդիրները։ Չկա պետական աջակցություն՝ աշխատանքով և ինքնազբաղվածությամբ ապահովելու համար։ Բնակարանային ապահովման պետական ծրագիրը սոսկ մերկապարանոց խոստումների դաշտում է։»։
Հետևանքներն անթույլատրելի են՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ դաժան անորոշության մեջ են, գիշերում են ավտոմեքենաներում, թերսնված են, բարեգործության հույսին են և արտագաղթելու եզրին, նրանց երեխաները զրկված են կրթությունից, առողջապահական պատշաճ ծառայությունից։
Ամփոփելով․ պատմական ծանրագույն այս մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակն արժանապատիվ հաղթահարելու նախապայման պետք է դառնան բազմակողմանի խնդիրներին համարժեք ծրագրային լուծումները՝ պետական համալիր աջակցությամբ և պատասխանատու մասնակցությամբ։ Եվ ոչ երբեք պետական այն անթույլատրելի վերաբերմունքը, որի շարունակական ականատեսն ենք՝ սին խոստումներ, մերկապարանոց հայտարարություններ, իրավիճակին ոչ համարժեք վարքագիծ, անսահման պոպուլիզմ, համատարած ձախողումներ և մեղավորներ գտնելու անպատասխանատու առաջնորդություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը