Կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ մեր քաղաքացիների տեղափոխմանն աջակցելու նպատակով․ ԱԳՆ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով, հայտնում են ԱԳՆ-ից։
«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկի լրացուցիչ քայլեր։
Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան», - նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը