19 09 2019

Հայաստանը դեսպանատներ է բացում Իսրայելում և Եթովպիայում․ Որոշում



Իսրայելի Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանը դեսպանատուն է բացում։

Որոշումը կայացվեց կառավարության՝ սեպտեմբերի 19-ի նիստում։

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին:         

Կառավարության՝ դեսպանատուն բացելու հիմնավորման մեջ նշված է․ «2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:

Իսրայելում դեսպանություն ստեղծելը, անպայմանորեն, կնպաստի հայ-իսրայելական փոխգործակցության խորացմանը, միաժամանակ ապահովելով դրանց բնականոն զարգացումը:

Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա»։

Դեսպանությունը Թել Ավիվում կբացվի մինչև 2020 թվականի սկիզբ։

Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Եթովպիան ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։ Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ