Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որն Ադրբեջձանի կողմից ձերբակալվել է ու տեղափոխվել է Բաքու, կապ է հաստատել ընտանիքի հետ: Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ալով Աֆարալիևը:
Նա խոսքով՝ ստեղծված են բոլոր պայմանները Հարությունյանին պաշտպանելու համար:
«Նա գիրք է խնդրել և ստացել է այն։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ: Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել։ Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա փաստաբաններին չի թույլատրվում փաստաբանական գործունեություն ծավալել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ես Արայիկի միակ փաստաբանն եմ: Լրացուցիչ տեղեկություններ այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ հետաքննության ընթացքում մնացած հարցերը համարվում են գաղտնի։ Ցանկացած տեղեկություն, որը ես տրամադրեմ, կարող է ուղղված լինել իմ պաշտպանյալի դեմ: Նախաքննությունն ավարտելուց և գործը դատարան ուղարկելուց հետո Արայիկ Հարությունյանի թույլտվությամբ հանդես կգամ հրապարակային հայտարարությամբ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ձերբակալվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը