14 10 2023

Ընտրություններն անցան, բակի բարեկարգումը մնաց կիսատ, շինանյութը թալանվեց. «Հրապարակ»

Ընտրություններն անցան, բակի բարեկարգումը մնաց կիսատ, շինանյութը թալանվեց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ բոլոր թաղապետերը հերթով զեկուցում էին ընտրողներին, թե ինչ բարեկարգման աշխատանքներ են սկսել բակերում և ինչ երջանիկ են լինելու բնակիչներն` ապրելով նոր ու հարմարավետ միջավայրում։ Եւ իրոք, բակերում շինարարական եռուզեռ էր, փոշի, կեղտ, բայց որոշակի ուրախություն կար այդ փոշու ու կեղտի մեջ` հույս, որ մարդիկ գոնե մի բան կշահեն այս ընտրությունների արդունքում։ 

Ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ը, եկավ, անցավ, ու բակային ակտիվությունն ավարտվեց։ Որոշ բակեր, ինչպես, օրինակ, Շիրակի 2, Արարատյան, 64 և 66 շենքերի արանքում գտնվող տարածքը, վերածվեցին շինհրապարակների։ 

Շինարարները հասցրեցին հիմնովին քանդել հին, բայց գեղեցիկ բակը, ապամոնտաժեցին դեռևս Չոռնի Գագոյի պաշտոնավարման օրոք տեղադրված մանկական կարուսելները, հանեցին ինքնաշեն ծածկերը, որոնք բնակիչներին փրկում էին ամռան կիզիչ արևից, մի երկու բորդյուր, մի երեք կարկատան ասֆալտ փռեցին, մի քանի մետր «բրուսչատկա» կպցրեցին գետնին, բայց գործը` չավարտած, գնացին։ Սեպտեմբերի 17-ից հետո շինհրապարակում լռություն տիրեց։ 

 Արդեն մոտ մեկ ամիս է, աշխատանքները չեն վերսկսվում։ Շինանյութը, որը լցված է խաղահրապարակում, աստիճանաբար թալանում են շենքերի բնակիչները։ Բրուսչատկան՝ բետոնե սալիկները, փայտե պալետներն արդեն տարել են բնակիչները, բետոնը դեռ չեն հասցրել ամբողջությամբ թալանել` այն թրջվում է անձրևի տակ։ Նստարաններն էլ, որոնք բանվորները հանել էին տեղերից, բնակիչներն արդեն ցրել, տարել են իրենց ապօրինի զավթած բոստանները։ Մի խոսքով` լիակատար երջանկություն։ 



Մենք զանգահարեցինք քաղաքապետարան, պարզելու համար, թե որ ընկերությունն է իրականացնում այս բակի բարեկարգումը, ինչի հետ է կապված աշխատանքների դադարը և երբ են դրանք վերսկսելու։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պատասխանեց, որ «Կառուցապատող ընկերությունը  «Լիլիա Արմ» ՍՊԸ-ն է։

 «Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։ Նրանց փոխանցել ենք, որ այս խնդիրները շտկեն։ Քանի որ տարածքը մեծ է, ասեցին, որ որոշակի կոնստրուկցիաներ են այս պահին պակասում, որոնցով որ պետք է փակվի տարածքը։ Դրանով է պայմանավորված, որ այս պահին աշխատանքներ չեն իրականացվում։ Նրանց հրահանգված է խնդիրները շտկել»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ