09 10 2023

Տավուշի կործանման ծրագիրը՝ գործողության մեջ․ Yerkir.am

Տավուշի կործանման ծրագիրը՝ գործողության մեջ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․  Տավուշի մարզի սահմանային իրավիճակի շուրջ տեղեկատվական դաշտում ստեղծված լարվածությունն սկիզբ առավ այն բանից հետո, երբ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  աշխատանքային կամ նախնական տարբերակում տարածվեց հետևյալ դրույթը. «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը» (2-րդ կետ): Եվ չնայած հայտարարության վերջնական տարբերակում այն փոփոխվեց, հանվեց Ղազախի շրջանին վերաբերող մասը (Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը), այդուհանդերձ, մտավախությունները չանհետացան:

Տավուշում տարածքների հանձնման մասին տեղեկությունները կրկին խորացրին լարվածությունը 2021 թ. առաջին ամիսներին, երբ Փաշինյանի շարունակական հանձնման քաղաքականության պայմաններում CaucasusWarReport տեղեկատվական պորտալը հաղորդեց, որ Բարխուդարլի գյուղը և Սովետական Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերը հայկական ուժերի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է հանձնվեն  Ադրբեջանին:

Գտնվելով նախընտրական փուլում՝ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձեցին քողարկել գործընթացը՝ հայտարարելով, թե, իբր, նման բան գոյություն չունի, իսկ վտանգների մասին խոսողները պիտակավորվեցին իբրև անբարոյականներ կամ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ:

Մարտի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ասուլիսը վերացրեց ամեն կասկած. ՀՀ իշխանությունները  պատրաստ են հանձնելու նաև նշված «անկլավները», ռազմավարական նշանակության կետեր, որոնց օտարման արդյունքում կկազմալուծվեն Տավուշի և Արարատի մարզերի անվտանգության համակարգերը, թշնամուն կանցնեն նաև միջպետական նշանակության ճանապարհները: Կարճ ասած՝ ՀՀ-ն կդադարի լինել կենսունակ պետություն, իսկ թշնամին նոր հնարավորություններ կստանա ՀՀ-ն քարտեզի երեսից բնաջնջելու իր ծրագրերում:

Ստորև անդրադառնանք Տավուշի մարզին, որտեղ գործ ունենք պայմանականորեն երկու գյուղախմբի հետ:

Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող անկլավն ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝  Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում և այլուր: Ավելին՝ ելնելով նշված համակարգի այսօրվա գծանշումից՝ Ադրբեջանին են անցնելու նաև Կայան բնակավայրի կեսը և Ազատամուտ գյուղի արևելյան թաղամասեր:

Հաջորդ պայմանական գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում, որոնք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածին երկայնքով:

Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:

Հաջորդ գյուղը Վերին Ոսկեպարն է (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), որը գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն ադրբեջանական անկլավ է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշված գոտին թշնամուն հանձնելու պարագայում ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտենում է Լոռու մարզին և վերահսկողության տակ վերցնում Թեղուտի անտառները:

Տեսարան Ոսկեպար գյուղի մի հատվածիցՄիջպետական մայրուղու՝ մեր կանգնած հատվածնըստ GPS-իԱդրբեջանի տարածք է

 

Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:

Սբ Աստվածածին եկեղեցին (6-7-րդ դարեր): Եկեղեցու թիկունքում՝ Ներքին Ոսկեպարը

 

Հաջորդ գյուղը Բաղանիս Այրումն է, որը գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ: 

,

Բաղանիս և Ոսկեվան գյուղերըԱջ կողմումմառախուղի մեջ՝ Բաղանիս Այրում գյուղի ավերակներն են

 

Մի կարևոր խնդիր: Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղի պարագայում արդեն նշել ենք, որ ադրբեջանական վերահսկողության տակ է հանձնվում նաև միջպետական մայրուղին: Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 նման հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում: Այդպիսով՝ թշնամին 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:

Որպես վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է,  որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաև, որ որևէ մեկի համար պարզ չէ, թե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրված, ավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները:

Վահե Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ