23 09 2023

Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ Լավրով

Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ Լավրով

«Արևմտամետ լոբբի է գործում Հայաստանում, որի նպատակը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում հզոր լոբբի է գործում, որը հանդես է գալիս արևմտյան հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների տեսքով և որն առաջ է տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը։ Իսկ այդ շահը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, դա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ Հայաստանում շատ կան, դրանք արհեստականորեն կրքեր են բորբոքում, մենք դրան այդպես ենք վերաբերվում»,- ասել է Լավրովը։

«Մենք գիտենք՝ ով է շահագրգռված այդ հարցում, ով է այդ գործընթացը ղեկավարում: Ցավոք, Հայաստանի իշխանությունն ինքն է պարբերաբար կրակին յուղ լցնում»,- հավելել է նա։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի։

«Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը, իսկ իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե օվկիանոսից այն կողմ գտնվողների»,- ասել է Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև ասել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները» պարտադրել ։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ