07 09 2023

«Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում»… Լիլիթ Գալստյանին Բրյուսովում այլևս դասաժամ չեն տվել

«Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում»… Լիլիթ Գալստյանին Բրյուսովում այլևս դասաժամ չեն տվել

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«ԱՆՎԵՐՋ ՆՈՂԿԱԼԻ ԿՐՔԵՐ ՈՒ ՃՂՃԻՄ ԲԱՐՔԵՐ ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ․․․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀԱՇՎԵՀԱՐԴԱ՞Ր

Հուլիսի 6-ին Բրյուսովի անվ․ պետական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնից էլ նամակով ստանում եմ նոր ուսումնական տարվա դասացուցակը։ Ուրախ եմ, որ հարգել են խնդրանքս․ այս տարի էլ դասերս երկուշաբթի են, երբ ԱԺ-ում սովորաբար նիստ չի լինում։ Մտածում եմ չորրորդ կուրսեցիները կուրախանան․ տարեվերջին խնդրում էին, որ շարունակենք միասին աշխատել։ Օգոստոսի 28-ին էլ մեկ այլ էլ․ նամակ եմ ստանում ամբիոնից․ հրավիրում են ամբիոնի նիստի։ Ասեմ, որ Բրյուսովում 0.25 դրույքով՝ անգլերեն-հայերեն գրական թարգմանություն եմ դասավանդում 2011-ից, ավագ դասախոս եմ, բ․գ․թ․, երկու տարի ԲՈԻՀ-ի կառավարման խորհրդի անդամ եմ եղել, թարգմանական և գիտական մի քանի ժողովածուի հեղինակ, Գրողների միության անդամ․․․

Ինչևէ, երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ըստ դասացուցակի համալսարանում եմ, ուսումնական տարվա համար պատրաստած նոր ծրագրով մտնում եմ լսարան, ու․․․դասացուցակում իմ անվան դիմաց այլ անուն է՝ մեր ամբիոնի հայցորդներից մեկի անունը․․․

Ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանից փորձում եմ հստակեցնել խնդիրը։ «Վատ բան ստացվեց․․․ 0.25 դրույքները կրճատելու հրահանգ կա վերևից» կարկամած պատասխանում է նա։ «Սա վերաբերում է անխտիր բոլորի՞ն», փորձում եմ ճշտել արդեն պատասխանից խուսափող տկն Գայանեից։

Ռեկտոր Դ․ Գյուրջինյանի կաբինետում եմ։ «Մենք այսդպիսի որոշում չունենք, ինչո՞ւ եք ինձ դիմում», անտեղյակ պեդանտի անհյուրընկալ խաղաղությամբ և հարցն իրենից օտարելու մարտավարությամբ պատասխանում է ռեկտորը։ «Այդ դեպքում ովքե՞ր են վերևները», համառում եմ և առաջարկում, որ հրավիրի արդեն դռների հետևում գտնվող ամբիոնի վարիչին։ Նա գալիս է և ասում, որ իրեն այդպիսի հրահանգ է տվել Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանը։ Իհարկե, միամիտ է պատկերացնել, որ դեկանն՝ առանց ռեկտորի հետ համադրելու կրթական-կառավարչական քաղաքականություն որդեգրելու և բանավոր որոշումներ կայացնելու ինքնուրույնություն ունի, բայց ինչևէ․․․

«Ես եմ այդպես որոշել, արտաքին համատեղման 0.25 դրույքներ մեզ պետք չեն, համ էլ համալսարանի բյուջեի վրա բեռ է», սեփական անվտանգության բարձիկների վրա համոզված, անբարեվարք ինքնավստահությամբ նետում է նոր բարքերին հարմարված ու դեկանի աթոռին հանգրվանած նախկին պրոռեկտորը։

Ակնհայտ ստին/այդպիսի որոշում չկա/ և անհեթեթությանը պատասխանում եմ, որ նույն և այլ ամբիոններում գիտեմ արտաքին համատեղմամբ, նույն դրույքաչափով դասավանդողների։ Ավելացնում եմ, որ իմ աշխատավարձը նույնքան է, որքան բուհում դասավանդող և գիտական աստիճան ունեցող ցանկացած դասախոսինը։ Ի դեպ, ամբիոնի մոտ 50 դասախոսներից գիտական աստիճան քչերն ունեն, իսկ գրական թարգմանական պրոդուկտ՝ մեկ-երկուսը։

Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։

«Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։ Կարծում եմ, որ կամայական որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքյին էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝ լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։

Եվ ահա այստեղ գալիս է անկեղծության պահը․ դեկան Մարգարյանը կորցնում է emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/, ընկնում նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու էքստազի մեջ և պայթում ․ «Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․

Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդված կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարական։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության չհիմնավորված և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը, դատարկ և կիսագրագետ թղթերի հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և օրենքի ու բազմաթիվ ընթացակարգերի խախտումով նախարարության տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հանաքած իր թեկնածուին։

Ու սա մտնում է լսարան, մտածում եմ ես ու հանգիստ խղճով դուրս գալիս շենքից։ Ես ձեզանից մեկը չեմ․ ես չեմ լռել, չեմ ծախվել, չեմ ստել, չեմ քծնել, Ճամբարափոխ չեմ եղել, չեմ հարմարվել, իրավունքն ու արդարությունն իմ համար անսակարկել են, սիրել եմ ուսանողներիս՝ գիտելիք ու բարոյական, համամարդկային արժեքներ փոխանցե։

Հետո իմանում եմ, որ այս վերաբերմունքին են արժանացել Բրյուսովի զավթման օպերացիայի ժամանակ չլռած, քաղաքական և քաղաքացիական կեցվածք ու ողնաշար ունեցող այլ դասախոսներ ևս․․․Հետո նաև իմանում, որ այլակարծների զտում նաև այլ բուհերում է տեղի ունենում։

Գուցե Հայաստանի կործանվող համապատկերում սա մի փոքր խճանկար է, էությամբ անբարո և ողորմելի խճանկար։

Բայց առաջին հայացքից միայն։

Խոսքը սոսկ առանձին վերցրած մարդկային ճղճիմ և քստմնելի բովանդակության ու որակների մասին չէ, խոսքը բարոյական բոլոր կարմիր գծերը հատած և այս ամենը բնականոն համարող համատարած միջավայրի մասին է, այսպիսի միջավայր գեներացնող ու այս միջավայրում անմնացորդ ծախվող տեսակի մասին է։ Էս տեսակի համար դրսևորվելու պոլիցայական «պարարտ» միջավայր է ստեղծվել նիկոլի Հայաստանում։

Ցինիկությունն ու ամենաթողությունն ամենուր է, բոլոր բնագավառներում։ Այս տեսակը նույնքան և ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին։ Այս տեսակը «շնորհիվ» նաև քաղաքական բանտարկյալներ ունենք։

Հայաստանում տեսակի կռիվ է, Հայաստանում ինքնության պայքար է, գոյաբանական պայքար, ու էդ պայքարը միայն սահմնին չէ, հիմա մեր մեջ է․․․։ Որոմը/թեփը/ ծածկել է ցորենը․․․

Ոչ նիկոլական Հայաստանում, որն հաստատ գալու է, պիտի զատենք , պիտի մաքրենք, թույլ չպիտի տանք, որ քաղաքական հայացքի, խղճի ու համոզմունքի համար բառիս բուն իմաստով կեղեքեն հասարակությանը։ Ոչ նիկոլական Հայաստանում նախ պիտի սկսենք հասարակությունն առողջացնելուց, հետո ուշ կլինի․․․»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ