04 09 2023

Խնդիր է ստեղծվելու փոքր կառուցապատողների համար. կա ռիսկ, որ շուկան կմոնոպոլիզացվի. Խաչատրյան



ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2024թ. հուլիսի 1-ից հետո մինչև գնորդին կառուցապատողի կողմից բնակարանի սեփականության վկայականի հանձնման պահը, վերջինս կարողանա օգտագործել բնկարան գնելու համար անկախ հաշիվների վրա գնորդի փոխանցած և իր գրավադրած գումարների առավելագույնը 70%-ը, իսկ մնացածը անվտանգության բարձիկ է մնում՝ շինարարությունը կանգնելու դեպքում գնորդներին իրենց գումարները հետ վերադարձնելու համար:

Նախագծի մյուս կետով առաջարկվում է 2025 թվականի հունվարի 1-ից 70%-ը իջեցնել 50%-ի բայց ըստ կառուցման համամասնության այդ տոկոսը կավելացվի, իսկ վերջում կառուցապատողներին հնարավորություն կտրվի այդ գումարների 95%-ը օգտագործել շինարարությոնը ավարտին հսցնելու համար: Մնացած 5%-ը կառուցապատողը կարող է վերցնել բնակարանները սեփականատերերին հանձնելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում շինարարության մեջ խոտաններ չգրանցվեն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը սակայն կարծիք հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունները կարող են ռիսկային լինել. «Եթե ընկերությունները չունենան անհրաժեշտտ ֆինանսական միջոցներ, ապա գնալու են բանկերից իրենց իսկ դրած դրամի գրավով նոր միջոցներ ներգրավեն, որն ավելի է թանկացնելու մեր անշարժ գույքը և բնակարաններն ավելի նվազ հասանելի է դարձնելու ինչ-որ թվով քաղաքացիների համար»,- ասաց նա:

«Մենք ունենք գերտաքացած շինարարական շուկա, երբ մենք խոսում էինք դրա մասին, որևէ մեկը չէր խոսում, իսկ վերջերս էլ բոլորն են սկսել խոսել… Մեղմ ասած՝ փչվում է փուչիկ, որը ռիսկ է և ցանկացած պահի կարող է պայթել, էդ առումով, կարծում եմ, պետք է սառեցնել, բայց՝ այլ միջոցներով, ոչ թե՝ հարկային օրենքի փոփոխությամբ, որովհետև այդ եղանակով  սառեցնելու փոխարեն մենք  գերտաքացրեցինք»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով. « Հիմա ինչ է տեղի ուենում.  այն փոքր կառուցապատող ընկերությունները, որոնք չունեն կանխիկ ստիպաված են լինելու գնան բանկ հավելյալ վարկ վերցնել, այսինքն՝ սրանով մենք փաստացի բիզնես ենք ստեղծում բանկերի համար: Այսինքն՝ սրանով մենք ստեղծում ենք լրացուցիչ բիզնես կառուցապատողի համար, կառուցապատող ընկերության համար ծախս, որը, վերջիվերջո, անցնելու է գնորդներին:  Խնդիր ենք ստեղծում համեմատաբար փոքր կառուցապատողների համար, կա ռիսկ, որ մենք կտանենք շուկան մոնոպոլիզացիայի»,-նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ