Երեկվանից Ասկերանի մատույցներում մի խումբ քաղաքացիներ, բողոքի ինքնաբուխ ակցիա են իրականացնում: Նպատակն է` փակել Բաքվից ուղարկված, այսպես ասած, հումանիտար շարասյան ճանապարհը: Երկու բեռնատարը` մեծաթիվ ուղեկցողներով հասել են Ասկերանի մատույցները, սակայն արցախցի ցուցարարներին չեն հանդիպել, քանի որ նրանց ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները: Հավաքի մասնակիցները, ամեն դեպքում, որոշել են շարունակել հերթապահությունը:
Արցախցիներն ասում են. «Չպետք է թուրքն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործի իբր մեր մասին են մտածում, իբր բարեգործություն են անում, իբր հումանիտար բեռ են տեղափոխում։ Մենք իրենց կարիքը չունենք»։
«Մեզ իրենցից օգնություն պետք չէ»։
Նրանք վճռական են տրամադրված՝ Արցախի միակ մուտքը Բերձորի միջանցքն է։
«Հայ ազգում ինչքան իշխանություն կա, եթե բոլորն էլ համաձայնվեն ճանապարհը բացեն, մենք՝ ժողովուրդը, թույլ չենք տա, թող գան, մեր վրայով անցնեն»։
Ճանապարհին հերթապահողները ռուս խաղաղապահներին զգուշացրել են՝ թույլ չտալ ադրբեջանական բեռնատարները մուտք գործեն Արցախ, հակառակ դեպքում ամբողջ պատախասխանատվությունը կրելու են խաղաղապահները։
«Արցախցուն կոտորել չի լինի... սոված էլ, ծարավ էլ լինենք, ապրել ենք, ապրում ենք Արցախում»,- ասում են նրանք ու ընդգծում՝ սոված կմանան, բայց ադրբեջանցիների կողմից հումանիտար բեռի անվան տակ Արցախ ոչինչ չի մտնի։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը