ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
Մ6 ԵՂԵԳՆՈՒՏ-ԴԵԲԵՏ ՄԻՋԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ
«Հայ ժողովրդի 80 տոկոսը քո կողքին է» ասում է 92-ամյա մի ծերուկ՝ Լոռու մարզում Երևանի ավագանու քարոզարշավն անցկացնող նիկոլին։
Քաղաքակրթական, քաղաքական կամ պարզ մարդկային շոկի մեջ չհայտնվելու համար, կարելի է, իհարկե, կարեկցել, խղճալ «միամիտ լոռեցուն» և հուսադրվել՝ արդարացնելով, թե «Լոռու հանդիպակաց և խորունկ ձորերում ծվարած ծերուկը» տեղյակ չէ ցեղասպանվող Արցախի մասին, թուրք-ազերիների կողմից օկուպացված ՀՀ տարածքների մասին, մեր պետականության ապագան կասկածի տակ դրած իր հերոսի գահավիժող վարկանիշի մասին, ի վերջո՝ գահավիժող Հայաստանի մասին․․․
Կարելի է, իհարկե, բայց ծերունու մոնոլոգը/կրեդոն, մանիֆեստը/ նրա արժեքա-բարոյական նշաձողը, իսկ ավելի անկեղծ՝ դրա չգոյությունը, նախ նողկանք է առաջացնում, հետո՝ ամոթ, հետո խարանի պես իջնում ինքնագնահատականիդ։
Հետո սթափվում ես, կրկին առերեսվում ինքդ քո և իրականության հետ, և դառը գիտակցումով փաստում, որ սրանք մեր ինքնության մասնակիցներն են, անգամ՝ դերակատարները․․
․Դրանից ողբերգությունդ ու վիրավորանքդ չի մեղմանում, հակառակը՝ թանձրանում է, որովհետև երկրորդ վայրկյանին հասկանում ես, որ սա հավաքական տեսակ է, որին անցնող հինգ տարիներին հանդիպել ես՝ Երևան-Թալին, Երևան-Գյումրի, Երևան- Սյունիք ճանապարհներին։ Սրանք պարապած տեքստեր ունեն, ոմանք այնքան «արհեստավարժ» են իրենց հաճախորդության մեջ, որ դրա կարիքն էլ չունեն․․․Սրանք, որպես կանոն, գիտեն օրվա իշխանության երթուղին․․․․Սրանք նաև վարակիչ են և բազմացող․․․
Չէ՜, եկեք պայմանավորվենք, որ Մ6 Եղեգնուտ- Դեբետ պայմանական քաղաքացին ավելի հին տեսակ է։ Սա այն տեսակն է, որ գառ է մորթել նախ Դեմիրճյանի, հետո Գեղամյանի, հետո Քոչարյանի, հետո Սերժի ոտքերի առջև, ու այդպես շարունակ․․․Հա՜, սրանց կին տեսակն էլ կա, սիրում է նախագահ կամ վարչապետ «պաչել»․․․
Այս տեսակին լավ են ճանաչում, սրանք սպառվող ապրանք են, և, որպես կանոն, հայտնվում են և օգտագործվում ի հարկի։ Նրանք նաև իրենց ծառայություններն են առաջարկում և հետո հատուցում պահանջում․․․դե, 30 արծաթը միշտ է կենսունակ․ օրինակ՝ կարող են Աղաջանյանի պապիկ աշխատել․․․
Ես չեմ կասկածում, որ համայնքապետի տղայի հարսանիքին կամ բանակի քեֆին է գնացել, անպայման հետը ազգանունով է խոսել, հետո երկար-բարակ կենաց խմել ու հարազատության երդումներ տվել․․․
Փողոցում հանդիպել է հաղթելու հավանակնություն ունեցող ինչ-որ թեկնածուի ու լորձաշուրթ հայտարարել, թե իրեն է ձայնը տալու։ Նա այս նույն խոստումը տվել է հաջորդ պահին մյուս փողոցում հանդիպած մյուս թեկնածուին․․․
Հիշեցի՝ տարիներ առաջ, դեռ ռոմանտիկ ժամանակներում, գյուղերից մեկում փորձում էի բացատրել արդար ընտրությունների կարևորությունը, և կես ժամանոց զրույցից հետո գյուղացիներից մեկն անկեղծորեց եզրափակեց՝ «ինձ ի՞նշ կտաս․․․»։
Այս տեսակը լավ հոտառություն ունի․ կողմնորոշվում է, զգում օրվա իշխանության նարատիվը և լավ տեղավորվում է դրա մեջ, տեղին օգտագորխում․ ինքը համ էլ «իրազեկ է և հպարտ է և՝ վարչապետ»։
Օրինակ՝ Մ6 Եղեգնուտ- Դեբետ պայմանական քաղաքացին առանց դատ ու դատաստան, համոզված հայտարարում է, որ համայնքապետը 25 միլիոն է լափել և պետք է ձեռքից առնել և որպես թոշակ դրա թալանածը բաժանել իրենց։ Իր «տարիների» ինտուիցիան հուշում է, որ այստեղ կարևոր է օգտագործել ԼԱՓԵԼ կոդային բառը։
Այս տեսակը պետություն չի ուզում, օրենք չի ուզում, ՎՐԵԺ Է ՈՒԶՈՒՄ, որովհետև լսել է և համոզված է, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Ինքը երկար է սպասել․ և ճիշտ պահն է ջրի երես հանել տարիների մաղձը, որ կուտակել է, վստահաբար, իրենից բարեկեցիկ ապրող դպրոցի նախկին տնօրենի կամ նախկին համայնքապետի նկատմամբ։
Այստեղ էլ կոդայինը ՆԱԽԿԻՆ բառն է։ Ինքը, հաստատ էդ տնօրենից ժամանակին թվաշան է մուրացել իր երեխաների կամ թոռների համար, ճանապարհն է կտրել, որ բարևի․ դե պետք կգա լավ հարաբերություն պահելը։ Հա, վստահ եմ, որ նաև հարսանիքներին ու խնջույքներին են հրավիրել ու սրտատրոփ սպասել սրանց գալուն․․․
Հիմա, առանց դատ ու դատաստան, սրանց ձեռքից պետք է առնել փողն ու տալ գյուղ մտած գազատարից/ որ նախկիններն են բերել/ դեպի իր տուն տանող խողովակի մոնտաժմանը։ Ինքը չի ուզում իր հաշվին անել, դրա փոխարեն, պետությանը շանտաժի ենթարկելով՝ անտառն է սպանում։
Ասեմ, որ համայնքապետի հավաքական- պայմանական տեսակ էլ կա։ Ու երկու տեսակներն իրար լավ էլ ճանաչում են։
Մեկ այլ Մ6 Եղեգնուտ- Դեբետ պայմանական քաղաքացուհի էլ է երկար սպասել այդ հանդիպմանը՝ իր աստեղնային ժամանակին, և քանի որ գիտի, որ մեր օրերում մեկ այլ կոդային բառ էլ կա՝ ԱՍՖԱԼՏԸ, ինքնամոռաց էքստազով հայտարարում է՝ որ ոչինչ որ ՋՈՒՐ չկա, կարևորը ասֆալտն է․․․
Այս փոքրիկ սղագրության մեջ մի դրվագ էլ կավելացնեի՝ Ավինյան-մի պայմանական քաղաքացուհի դիալոգից․ «Ինչ լավ ա եկաք մեր բակ, հինգ օրվա աղբը հազիվ տարան»։ Դե որ պետք լինի, որ տանեն, հինգ օրը մեկ էլ ՝ կգամ, պատասխանում է պոպուլիստ Ավինյանը՝ ակամայից խոստովանելով կառավարչական սնանկությունը․․․
Այստեղ սղագրությունն ավարտում եմ․․․ այսպիսի սղագրություններ կարելի է անել ամեն օր․․․
Սա պարզ ու հերթական սղագրություն է մեր ամենօրյա և հավաքական անկումների մասին։ Սա համեստ սղագրություն է մեր արժեքային կորուստների, ԴԵԳԵՆԵՐԱՑԻԱ-ի մասին, որ համատարած է և անդառնալիորեն խորքային։
Այս տեսակը, արժեքներն իրականում աշխարհագրություն կամ ժամանակ չեն ճանաչում։ Սրանք գեներացվում են, ելնում ջրի երես․ երբ նրանց համար պարարտ հող է ստեղծվում։
Հայաստանում հիմա այդ ժամանակներն են․ Հայաստանում ջնջվել են ինքնության սահմանները, մարդ լինելու սահմանները, ցավալիորեն, ջնջվել են նաև մեր պետականության սահմանները։
Հայաստանում համակրգված ՋՆՋՎՈՒՄ է մեր իսկական տեսակը․․․
Եկեք հարց տանք մեզ՝ ի՞նչու, ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել, ի՞նչպես կասեցնել այս կործանարար ընթացքը։
Հ․Գ․ Օրերս լսում էի հայտնի կինոռեժիսոր Սակուրովի հարցազրույցը։ Ասում է՝ «Զարմանում եմ, այս ի՞նչ է կատարվում Հայաստանի, հայ ժողովրդի հետ։ Մինչդեռ նրանք՝ հայերը, կարող էին իրենց պատմությանբ և քաղաքակրթական ժառանգությամբ թելադրող լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը