17 08 2023

Կառավարությունը որոշել է հրաձգությունը զարգացնել մարզադպրոցներից մեկը փակելով

Կառավարությունը որոշել է հրաձգությունը զարգացնել մարզադպրոցներից մեկը փակելով

Կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ներկայացվել, ըստ որի՝ «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»-ը  և  «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ը կմիավորվեն։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը՝ հանրապետությունում հրաձգության մարզաձևը զարգացնելն է։
« Ներկայումս «Հրաձգության  հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործում են թվով 10 մարզիչ-մանկավարժների 18 (տասնութ)  մարզական խմբեր, որտեղ մարզվում են թվով 155 սան, մարզադպրոցը ունի իրեն հանձնված շենք-շինություն, որը վերանորոգված է մասամբ և գործում է ոչ բավարար պայմաններում:

 «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 13 (տասներեք) մարզիչ-մանկավարժների հսկողությամբ 24 (քսանչորս) ուսումնամարզական խմբերում մարզվում են թվով 218 սան: Մարզադպրոցն ունի սեփական շենք-շինություններ, համապատասխան հրաձգարաններ, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մասնագետներ և նյութատեխնիկական հարուստ բազա: Ուսումնամարզական գործընթացի արդյունավետությունը կախված է մարզադպրոցի հագեցվածության և պահանջվող գիտելիքների ու մասնագիտական կարողությունների զարգացման ընթացքից: Հայաստանի Հանրապետության հավաքականների թեկնածու համարվող մարզիկների ուսումնամարզական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար խիստ անհրաժեշտություն է առաջացել երկու կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպումը»,-գրված է նախագծում։

 Նաև ընդգծված է ՝ «Հանրապետությունում հրաձգության մարզաձևի զարգացման, ինչպես նաև 2024 թվականին կայանալիք Փարիզի ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար, ուսումնասիրելով միջազգային մրցաշարերի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել մարզական պատրաստության միջոցով համալրել ազգային հավաքականը, կազմակերպել խմբային ուսումնամարզական և տեսական պարապմունքներ:  Հաշվի առնելով նաև մարզաձևի մի շարք առանձնահատկությունները՝ օլիմպիական հրաձգարաններում հրաձգության թիրախների, հրացանների և ատրճանակների մասնագիտական մոտեցումը և դրանց գործունեության նպատակահարմարության ու գործառույթների հստակ և չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգի «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միացման եղանակով և իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ