MediaHub-ը գրում է․ Ամիսներ առաջ գրել էինք, որ «Գինու փառատոնի» օրերին Սարյան փողոցում ծագած միջադեպի ժամանակ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիր բերետավորներ) գումարտակից Ալեքսանդր Ազարյանը քաղաքացու է բռունցքով հարվածել: Մեր հրապարակումից հետո ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները։ Միաժամանակ նշվել էր, որ դեպքի առնչությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Սակայն երկու ամիս էլ չանցած MediaHub-ը մի քանի անգամ ֆիքսել է, որ «կարմիրբերետավոր» Ալեքսանդր Ազարյանը ծառայություն է իրականացնում նախագահական նստավայրում։
MediaHub-ը գրավոր հարցում էր արել ՀՀ ՆԳՆ՝ խնդրելով մանրամասներ հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ալեքսանդր Ազարյանի ծառայողական քննության արդյունքներից, հարցրել էինք նաեւ, թե ի՞նչ հիմքով է վերջինս ազատվել պատասխանատվությունից։ Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատել են Ալեքսանդր Ազարյանի աշխատանքի վերադառնալու փաստը, նշելով․
«Նկատի առնելով, որ ծառայողական քննության առավելագույն ժամկետը լրացել է, ուստի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվախի 9-րդ մասի դրույթներով պայմանավորված Ալեքսանդր Ազարյանի ծառայողական լիազորությունները վերականգնվել են։ Հետագայում Ալեքսանդր Ազարյանի պաշտոնավարման կասեցումը նախաքննական մարմնի լիազարությունն է»։
Նշենք նաեւ, որ Սարյանում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Ազարյանն անցնում է մի քանի դատական գործերով՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Արդեն հայտնել ենք, որ սույն գործերով տուժողներից մեկը քաղաքացի Մեսրոպ Մանուկյանն է։ Սույն «կարմիրբերետավորը» 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։ «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։ 2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։
Ուշագրավն այն է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելուց հետո Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չէր նշանակվել, հավանաբար միայն նրա համար, որ քաղաքական գործիչները ընդդիմադիրներ էին ու պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության համար։ Քաղաքացուն հարվածելը նրա համար կարճ ժամանակով ճակատագրական դարձավ՝ գոնե ծառայողական քննություն նշանակվեց: Բայց, ինչպես նշեցինք, միայն կարճ ժամանակ նա մնաց առանց աշխատանքի: Թեև չենք զարմանում՝ կյանքը ցույց տվեց, որ նման կամակատար «կարմիրբերետավորները» իշխանությանը պետքական գործիք են ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը