29 07 2023

Բողոքի լուռ ակցիա Բրյուսելում՝ ընդդեմ Ադրբեջանի

Բողոքի լուռ ակցիա Բրյուսելում՝ ընդդեմ Ադրբեջանի

Այսօր Բրյուսելում՝  Եվրոպական խորհրդի շենքի առջև, տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ են արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել  տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։ 

Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին  միջազգային հանրությանը, հատկապես  Եվրամիությանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ են հանձնել։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով հանցագործ Ադրբեջանի նկատմամբ և  ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման և Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարևորությունը։

Նրանք պահանջում էին, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը։

Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։

«Բրյուսելի այսօրվա լուռ ցույցը ևս մեկ անգամ  հիշեցում է, որ ավելի քան երբևէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, գործադրելու իր ամբողջ դիվանագիտական ազդեցությունն ու լծակները՝ պաշտպանելու անմեղ կյանքերը և պաշտպանելու արդարությունը տարածաշրջանում»,- նշում են Բելգիայի հայերի կոմիտեից։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ