Անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ․ վետերան դատավորներ
«Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը»,- նման հայտարարություն է տարածել Հայաստանի վետերան դատավորների միություն ՀԿ-ն:
Հայտարարությունում նաև ասվում է. «ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք անում․
Տուրք չտալ պատեհապաշտությանը,
Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։
Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը