09 07 2023

Ադրբեջանն Արցախի 120,000 բնակիչներին ենթարկում է իրական տեռորի. Արման Թաթոյան

Ադրբեջանն Արցախի 120,000 բնակիչներին ենթարկում է իրական տեռորի. Արման Թաթոյան

Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

«Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:

Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել: 

Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:

Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:

Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:

Հուլիսի 8-ի կեսօրին տեղելություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց:

Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված` մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:

Անգամ նվազագույն կենսական կարիքների` հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:

Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն:

Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ