20 06 2023

Հին Շենում բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից

Հին Շենում բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից

«Արցախպրեսս»-ը գրում է․ Շուշիի շրջանի կրկնակի  շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են  բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ 

Այս մասին մեզ հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով  անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:

Նրա խոսքով՝  այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել  մինչև կրկնակի  շրջափակումը:

«Այս պահի դրությամբ  համայնքում առկա են նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։ Արդեն հասունացել են մրգերի որոշ տեսակներ: Մեկ ամիսը կօգտագործենք նաև մեր մշակած բանջարեղենը»,- ասել է մեր զրուցակիցը՝  հավելելով, որ այս տարի ավելացրել են մի շարք մշակաբույսերի՝ այդ թվում կարտոֆիլի ու կանաչեղենի ցանքսը: Պարենային պաշարը ինչ-որ  չափով էլ կարողանում են համալրել անասնապահությունից ստացած մթերքով:

Համայնքապետը մտահոգիչ է համարել նաև հինշենցի ուսանողուհու հետ կապված խնդիրը, ով  շրջափակման պատճառով  չի կարողացել գյուղից վերադառնալ մայրաքաղաք՝ մասնակցելու գոնե  քննաշրջանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ