Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել ՆԳՆ շենքի մոտ՝ ոստիկանական բաժանմունքում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։ ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած երկու օրերին պահանջին միացել է 878 փաստաբան։
«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի եւ այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաեւ փաստաբանին ձերբակալելու եւ խուզարկության ենթարկելու դեպքերը.
Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի եւ Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանն ասաց՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա փաստաբանները առնվազն մեկ օրով գործադուլ են հայտարարելու. «Փաստաբանները հրաժարվելու են դատարաններ եւ նախաքննական մարմիններ գնալ: Սա ցույց է տալու, որ փաստաբանական ինստիտուտը կարևոր է, և առանց դրա չեն կարող արդարադատություն իրականացնել»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը