20 06 2023

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանի հարցով նիստն անցկացնում է համընդհանուր խախտումներով․ փաստաբան



«Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստն անցկացնում է համընդհանուր խախտումներով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե նիստը հրապարակային լիներ, ապա բոլորը կտեսնեին, թե ինչ պրիմիտիվ խախտումներ են տեղի ունենում նիստի ընթացքում.

«Ես ավելի շատ հակված եմ նրան, որ սա դիտավորյալ է տեղի ունենում, քան թե չիմանալու պատճառով: Դատական նիստի կարգի խախտումները շատ բացահայտ ու ակնհայտ են: Ցավոք, ԲԴԽ մյուս անդամներն այդքան էլ չեն միջամտում այս խախտումներին. այսինքն՝ եզակի դեպքերում, երբ մենք շատ ենք բարձրաձայնում, փորձում են իրենք ձայն հանել և փորձել մի փոքր շտկել իրավիճակը: Եթե սա պետք է լինի ԲԴԽ-ի գործելաոճը, իրավունքների իրացման հնարավորության ապահովումը, մեր իրավունքները կոպտագույն խախտվում են: Սկզբի փուլում ընդհանրապես փորձ էր արվում մեզ զրկել արտահայտվելու որևէ տեսակի հնարավորությունից: Երբ մենք փորձեցինք ցույց տալ այդ խախտումները, որոշակի առումով փոխվեց այդ իրավիճակը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք նիստի ընթացքը ցանկացել են ձայնագրել, ինչը նույնպես արգելվել է. «Երբ նիստի ժամանակ ցանկանում էինք ձայնագրում իրականացնել, պարզաբանվեց որ չնայած դատական օրենսգրքով թույլատրվում է, բայց իրենց աշխատակարգի որոշումով թույլ չի տրվում, հետեւաբար դա պիտի կիրառվի: ԲԴԽ-ն ասում է՝ դռփնփակ ենք անում իբր արդարադատության շահերից ելնելով, փորձում են մեզ նախազգուշացնել, որ մենք ինչ-որ գաղտնիք չհրապարակենք: Երբ ուզում ենք մեզ պարզաբանեն, թե ո՞ր գաղտնիքն է օրենքով սահմանված, ասում են՝ մենք ընդամենը ձեզ ասացինք, որ գաղտնիք է, ասում ենք՝ հիմնավորեք, որ իմանանք. իրենք այդպես էլ չպարզաբանեցին»:

ԲԴԽ-ն դատավորին և նրա փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրել է 2 ժամ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ