Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումների բացահայտումը շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը՝ ելնելով առաջին հերթին հանրապետությունում առողջապահական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից նույնաբնույթ սխեմայով կատարված պաշտոնեական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր:
ՔԿ փոխանցմամբ, կոմիտեում կատարված ամփոփման տվյալներով՝ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական վարույթ (գործ)։ Դրանց նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավոր մեխանիզմը դրսևորվել է երկու հիմնական եղանակով։
Մի դեպքում բուժհաստատությունների՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու լիազորություններով օժտված մի շարք պաշտոնատար անձինք, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնց բովանդակությամբ կեղծ տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։ Արդյունքում այդ քաղաքացիներն ստացել են պատվաստված լինելու վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատներ և ստացել վարակվածության դեպքում պետության կողմից սահմանված սահմանափակումները շրջանցելու հնարավորություն:
Ընդ որում՝ որոշ դեպքերում համավարակի դեմ պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատողները քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ քաղաքացիները «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկվել, որոնց արդյունքով, իբրև թե, առողջ են եղել, մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները պատվաստումների ժամանակ ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել:
Քիչ չեն եղել դեպքերը, երբ առանձին բուժաշխատողներ պատվաստման կետերում կաշառքի դիմաց կազմակերպել են սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված օտարերկրյա քաղաքացիների պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը՝ ինչն իրականացնելու համար նաև կեղծվել են այդ օտարերկրացիների՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ անձնագրային գրառումները:
Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել կամ՝ մուտք գործել ՀՀ տարածք:
Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ համապատասխան բուժաշխատողներից շատերը կեղծված տվյալներով պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ տրամադրելու դիմաց շահառու քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել են տարբեր չափերի կաշառք:
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ:
Քննված քրեական վարույթներից 12-ի նյութերը՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
«Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթներով նախաքննությունը, 2023թ. մայիսի 1-ի դրությամբ, շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը