31 05 2023

ՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն»-ում

ՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն»-ում

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։

ՊՎԾ-ն քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու ընկերությանը շուրջ 2.8 մլն դրամ ավել գնով աշխատանք է ներկայացվել: Իրականացված մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Մեկ այլ քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում:

Մշտադիտարկվել են Ինստիտուտում առկա աշխատանքային հարաբերությունները, աշխատակիցների հաճախումները, իրականացված աշխատանքները: Մշտադիտարկման ընթացքում տեղեկատվական շտեմարանների միջոցով վեր են հանվել նշված անձանց վերաբերյալ այլ կազմակերպություններում աշխատելու մասին տեղեկատվություն, ինչպես նաև հարցումներ են կատարվել համապատասխան կազմակերպություններին՝ վերջիններիս աշխատելու փաստի, աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային ռեժիմի և վարձատրության վերաբերյալ:

Պարզվել է, որ ինստիտուտում աշխատելուն զուգընթաց ղեկավար պաշտոն զբաղեցնող որոշ աշխատակիցներ միաժամանակ կատարել են նաև այլ վարձատրվող աշխատանքներ: Արդյունքում՝ այդ անձինք, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամանակահատվածում փաստացի աշխատանքի չհաճախելով, չկատարված աշխատանքի դիմաց ընդհանուր ստացել են շուրջ 45 մլն դրամի աշխատավարձ:

Մի շարք քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումների հիման վրա մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների օրինականության վերաբերյալ:

Կոտայքի մարզում իրականացված մշտադիտարկումների արդյունքներով պարզվել է, որ մրցույթի միակ մասնակից և հաղթող ճանաչված «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը 10 տարով երթուղիների սպասարկման իրավունքը տրամադրվել է էական խախտումներով: Օրինակ՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված 37 երթուղիներից մրցույթին պակաս է ներկայացվել շուրջ 13 երթուղի:

Մրցութային հանձնաժողովն անտեսել է մի շարք պահանջներ՝ հայտ-պարտավորությամբ ներկայացված բոլոր ավտոբուսները չեն ներկայացվել հանձնաժողովին, երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ևս չի ներկայացվել, մրցութային առաջարկում չեն ներառվել երթուղիների ուղեգծերը և չվացուցակները: Ընկերությունը, այս ամենը հաշվի առնելով, չի զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:

Մեկ այլ հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել Գավառ խոշորացված համայնքի կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ:

Ներկայացված դիմումում նշվել է, որ Գեղարքունիքի մարզի մրցույթի պայմանները պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը բացառում է փոքր տրանսպորտային ընկերությունների՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունը, որի պատճառով մրցույթին մասնակցության հայտ է ներկայացվել միայն մեկ խոշոր կազմակերպության՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն: Մրցույթը բողոքարկվել է, քանի որ մրցութային հանձնաժողովի կողմից ընդամենը մեկ շաբաթ առաջ կատարվել են էական պայմանների փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը պատշաճ չի ծանուցել: Այսպիսով, Ծառայության կողմից ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված մրցույթների օրինականության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ բացահայտված խնդիրները խոչընդոտ են հանդիսացել ՀՀ մարզերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի արդյունավետ կառավարման տեսանկյունից՝ ստեղծելով նախադրյալներ մրցակցային ոչ հավասար պայմանների, ինչպես նաև մրցույթների մասնակիցների օբյեկտիվորեն մոնոպոլ դիրքերի չարաշահման հետ:

ՀՀ մարզերից յուրաքանչյուրում մեկ միասնական օպերատորի միջոցով երթուղային ցանցերի սպասարկումը հանգեցնում է նրան, որ առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ՝ դաշտից դուրս մղելով կամ խոչընդոտելով տվյալ ոլորտում փորձ ունեցող, սակայն պակաս ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուղևորափոխադրող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ծառայությունը ՀՀ վարչապետին է ներկայացրել համապատասխան առաջարկներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ