Alphanews.am-ը զրուցել է Պարգև սրբազան հետ՝ ներկայացնելով զրույցից որոշ հատվածներ․
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը կարծում է, որ եթե հայ ժողովուրդը մերժում է պարտվողական քաղաքականությունը, ապա պետք է ընդվզի և իշխանափոխության հասնի:
«Բոլորը մտահոգված են, բայց դա քիչ է, պետք է ամեն հայ իր ձայնն արտահայտի, ասի՝ ես կամենո՞ւմ եմ, որ Արցախը հայկական լինի, թե՞ ոչ:
Ըստ այդմ էլ երկրորդ քայլը կատարենք: Եթե նստենք թախտին ու սպասենք բախտին, ապա մեր փոխարեն մեր ճակատագիրը ուրիշները կլուծեն, որը շատ վտանգավոր է:
Բայց ես հավատում եմ մեր հայկական գենին, Արցախը միշտ մնալու է հայկական, մենք պետք է դրա համար պայքարենք, պայքարողն է հաղթում, եթե հուսահատության մեջ մնանք, իհարկե ամեն ինչ կկորցնենք»,- Аlpha News-ի եթերում ասել է Պարգև սրբազանը:
Սրբազան հոր խոսքով՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայ ազգը միասնական էր, մեկ նպատակ ուներ, իսկ հիմա ժողովուրդը հիասթափված ու ջլատված է:
«Մոտ ինը տարի առաջ ինձ ասացին, որ Հայաստանի դեմ ահռելի ծրագիր կա, հարվածելու են եկեղեցուն, ազգային արժեքներին: Հեղինակավոր մարդկանց, հերոսներին «գլխատելու» են, որ կողմնորոշիչներ չլինեն, որպեսզի հեշտ գրավեն Հայաստանը:
Ուժեղ տեխնոլոգիա է աշխատել, ես տեսնում եմ, թե ինը տարվա մեջ ինչպես են ոսկերիչի պես աշխատել:
Մեր ժողովուրդը տեղի տվեց, չհասկացավ, թե ինչ են բերում իր գլխին, սարսափելի ծրագիր բերեցին, բայց ժողովուրդը պետք է արթնանա ու հասկանա, թե ինչ է կատարվում»,- ասել է Արցախի թեմի նախկին առաջնորդը:
Պարգև սրբազանը մտահոգված է՝ եթե Հայաստանի իշխանություններն այսօր խոսում են խաղաղության դարաշրջան բացելու, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին, ապա վաղն էլ կխոսեն Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու մասին:
«Ժողովուրդ ջան, մենք պետք է ընդվզենք, միամիտ չլինենք, արթնանանք, ասենք՝ բավական է, մենք հայ ենք ու պետք է հայկական հողի վրա ապրենք»,- ընդգծել է Արցախի թեմի նախկին առաջնորդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը