29 04 2023

Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել. Տիգրան Աբրահամյան

Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:

Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:

Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:

Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:

Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանութանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ», - գրել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ