Ինչպես հայտնի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:
Oragir.News-ի տեղեկություններով` առաջնության բացման արարողությունը Հայաստանից բացի ուրիշ երկիր չի ցուցադրել: Կազմակերպական աշխատանքներով ակտիվորեն զբաղվում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով կոտրած տաշտակի առաջ է հայտնվել: Նա աջ ու ձախ գումարներ է ծախսել, իբր այս միջոցառմամբ Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար, բայց ոչինչ էլ չի ստացվել:
Ինչպես հայտնի է, մոտ 20մլն դրամ միայն ծախսել են հագուստների վրա: Մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած դիզայներ Արամ Նիկոլյանն էր հեղինակել և կարել բացման հանդիսավոր արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
«Հայկական Ժամանակ»-ը գրել էր, որ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 միլիոն դրամ, որից 12,3 միլիոն դրամն արդեն ստացել է։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ գովազդային արշավն էլ իրականացրել է Արայիկ Հարությունյանի եղբոր` Երևանի ավագանու անդամ, Երևանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ Արման Հարությունյանի «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը