05 04 2023

Գիշերը թշնամին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել է արցախցիների մուտքն Արցախ

Գիշերը թշնամին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել է արցախցիների մուտքն Արցախ

Հենց նոր ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելեցին արցախցիների մուտքը Արցախ։ Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:

Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի  ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը:

Դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ