31 03 2023

Գյուղացիներին մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ և ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ․ Սեյրան Օհանյան



«Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո «խաղաղության դարաշրջան» հայտարարած երկու կողմերը՝ Ադրբեջանը և ՀՀ-ն, ականատես են լինում ադրբեջանական կողմից անընդհատ սադրանքների և հարձակողական գործողությունների, Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը՝ Արցախի և ՀՀ շուրջը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում, առաջինը՝ ստանալ միջանցքը, որը նախատեսում են և ձգտում են դրան՝ Սյունիքի հատվածով, երկրորդը՝ Արցախը հայաթափելու։ Եթե մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում, դա նշանակում է, որ մենք մեր սահմանները յուրաքանչյուր թիզ հող, յուրաքանչյուր սանտիմետր, մետր հատված՝ պետք է ուսումնասիրենք և կազմակերպենք մեր պաշտպանությունը։ Այդ պաշտպանության կազմակերպման խնդիրն առաջին հերթին բանակի խնդիրն է»,- նշեց Օհանյանը, ապա, անդրադառնալով ԱԱԾ սահմանապահ զորքերին այդ լիազորությունը տալու ծրագրերին, արձանագրեց.«ԱԱԾ ստորաբաժանումներով փոխարինելը կկարողանան անել միայն այն դեպքում, երբ երկու թշնամի պետությունները դարձել են հարևան երկրներ, կա խաղաղություն, բայց եթե մի կողմից դու խաղաղություն ես հայտարարում, ամեն ինչ ասում ես, որ պատրաստ ես գնալ դրան, իսկ մյուս կողմից տեսնում ես Ադրբեջանի վարքագիծը, հռետորաբանությունը, սադրանքները, մարտական գործողությունները, նշանակում է, որ մենք դեռևս գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ԱԱԾ-ն՝ իր սահմանապահ կարողություններով այսօր չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում»։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները ապրում են մի կյանքով, կարծես թե Արցախի և Հայաստանի հետ ոչինչ չի պատահել, Արցախի շուրջը միջանցքի փակելը համապատասխան հետևությունների տեղիք պետք է տա։ Օհանյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն կարող կամ չեն ուզում ճիշտ գնահատելու ռազմաքաղաքական իրադրությունը, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչ գործողություններ կարող են լինել մեր տարածաշրջանում, հատկապես՝ Արցախի և Հայաստանի շուրջ, որոշել մեր առաջնահերթությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ