ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի մասին Hayastan.news-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ թեև ինքը ականատես չէ, բայց ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․ «Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։
Դրանից հետո, ըստ Վարդանյանի, անմիջապես ոստիկանները եկել են «Հայաստան» խմբակցություն և Մհեր Սահակյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հարցին՝ ո՞վ է դիմել ոստիկանություն, մեր զրուցակիցն ասաց՝ ենթադրում է, որ հենց Վլադիմիր Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը