Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը 6 ամսից ավելի է՝ սպասում է որդու՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի դիրքերից դուրս բերելուն։
Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում, մարմինը մնացել է միջդիրքային գոտում, մինչեւ այսօր ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ դիրքին։ Հարազատները տեսանկարահանող սարքերով գտել են Շիրազի մարմինը, պարբերաբար հետեւում են, թե ինչպես է իրենց որդու մարմինը ոսկրանում։
NEWS.am-ի հետ զրույցում Շիրազի հայրը՝ Հովիկ Խաչատրյանն ասաց, որ մինչեւ այժմ որեւէ պետական մարմին իրենց հետ կապ չի հաստատել, պարբերաբար տարբեր կառույցների են զանգահարում, սակայն ապարդյուն. «Մեկը մյուսի վրա են գցում, զանգում եմ Կարմիր խաչ, ասում են՝ Պաշտպանության նախարարություն դիմեք, այնտեղ եմ զանգում՝ անպատասխան։ Թեժ գիծ եմ զանգահարում, այնպես են կոպտում, արցունքներս գնում են»։
Շիրազ Խաչատրյանի մասին լրագրողները բարձրաձայնել էին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, վերջինս իր մոտ նշումներ էր կատարել եւ խոստացել զբաղվել այդ խնդրով։
«Ես զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս։ Այսպես տանջե՞լ կլինի, որ մեզ են տանջում։ Շիվարած ապրում ենք, չգիտենք էլ՝ ապրո՞ւմ ենք։ Ես չգիտեմ՝ թոռնիկներիս աչքերին ո՞նց նայեմ»,- ասաց հայրը։
Նա պատմեց, որ որոնողական աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, այժմ գարուն է, բայց որոնողական աշխատանքները չեն սկսվել։
Համածառայակիցները Խաչատրյանների ընտանիքին պատմել են, որ 12 զինծառայողից միայն Շիրազն է զոհվել, մյուսները կարողացել են լքել մարտի դաշտը։
Նշենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը, Վահե Թորոսյանը եւ Թոռնիկ Սարգսյանը։ Վահե Թորոսյանի մարմինը ադրբեջանցիները փոխանցել են այս տարվա փետրվարի 2-ին։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը