ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:
Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը