25 03 2023

Երասխում զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Երասխում զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Սերյոժայի Սարգսյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Արշակը մարտի 22-ին Երասխի դիրքերից մեկում զոհվեց գլխի շրջանում ստացած՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Նա 8 ամիս առաջ էր բանակ զորակոչվել՝ ժամանակավոր դադար տալով իր սպորտային կարիերային։ Արշակը փայլուն էր սկսել կարիերան՝  ընդամենը 5 տարվա ընթացքում հաջողացնելով երկու մեծ հաղթանակներ գրանցել։

18–ամյա Արշակը կարատեի Հայաստանի չեմպիոն էր, աշխարհի գավաթակիր։ Նա 2017 թվականին, Ռումինիայում մասնակցել էր կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը, զբաղեցրել երրորդ հորիզոնականը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ