Թուրքիային վրդովեցրել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի զեկույցում մեկ նախադասությամբ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը։
«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում սարսափելի հանցագործության բազմաթիվ վկայություններին:
«Երեւում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի եւ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։
«Պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Եվրախորհրդարանի «Արեւելյան գործընկերություն երեք հարեւաններ Հարավային Կովկասում»զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։
«2022 թվականի մարտին ընդունված բանաձեւում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։ Հայաստանում իրավիճակին հետեւող Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը եւ մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։ 2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել»,- նշվում է զեկույցի հատվածներից մեկում, որտեղ բերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հղումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը