17 03 2023

Վեհափառն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

Վեհափառն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, և նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։

Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ վերջինս ևս իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Իրաքի իշխանություններին հայ համայնքի և նրա հոգևոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։ Հայոց Հովվապետը երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում կարևոր նկատեց միջկրոնական երկխոսությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին իր հետևողական մասնակցությունն է բերում այդ գործընթացում։

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։ Վերջինս ընդգծեց նաև, որ Իրաքի իշխանությունները գործուն ջանքեր են ներդնում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ կեցությունը, պաշտպանելու նրանց իրավունքները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ