Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը, տրորել այն, ապա այրել։ Ակցիային մասնակցել են «Պահպանողական շարժում» կուսակցության և նրանց կողմից ստեղծված «Ալտ ինֆո» ինտերնետային հարթակի աջակիցները, գրում է sputnik-georgia.ru-ն:
Կուսակցության առաջնորդների և անդամների կողմից հնչեցված կոչերի թվում եղել են կոչեր՝ իշխանություններին՝ հրաժարվել երկրի վրա արտաքին ազդեցությունից և խաղադրույք կատարել Վրաստանի ժողովրդի վրա։
«Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, և դա վրացական դրոշն է, ոչ թե այս լաթը»,- ասել են ակցիայի կազմակերպիչները։
Այն բանից հետո, երբ ԵՄ դրոշը պատռել են ու այրել, իսկ փոխարենը վրացական դրոշ կախել, բեմ է բարձրացել մի հոգևորական, և ցուցարարները սկսել են աղոթել։
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, որոնք հավաքվել են, ըստ նրա, ինքնաբուխ՝ առաջին իսկ կոչով։
«Մենք պետք է ասենք ոչ թե «Փա՛ռք Ուկրաինային», այլ «Փա՛ռք Տիրոջը», «Փա՛ռք Վրաստանին»», - ասել է Մորգոշիան։
Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքն ավարտվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը