Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի դեմ բողոքողների ցույցը ցրելու համար։ ՆԳՆ-ն նշել է, որ ցույցն «ընդունել է բռնի բնույթ»։
Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։
Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում նշվել է, որ ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շարքերում կան տուժածներ, նրանց թիվը չի նշվել։
Բողոքի ցույցը խորհրդարանի մոտ սկսվել է այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է աղմկահարույց օրինագիծ, որը նման է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, Նյու Յորքի Ազատության արձանի ֆոնին աջակցության խոսքով դիմել է Ռուսթավելու պողոտայի ցուցարարներին։
«Ես առաջին օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այդ օրենքի վրա, եւ կդնեմ։ Ինձ չի անհանգստացնում դրա հոդվածական քննարկումը, ինձ չի հուզում դրա նմանությունն ինչ-որ ամերիկյան հին օրենքի, որը, ինչպես մենք լավ գիտենք, միանգամայն այլ նպատակների է ծառայում»,- ասել է Զուրաբիշվիլին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը