Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ՌԴ խաղաղապահ զորախմբին: «ՌԴ խաղաղապահ զորամասի ներկայացուցիչների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև սպանվածներին տարհանելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սպանվածների և վիրավորների տարհանումը իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները»,- նշված է հայտարարության տեքստում:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից: Ադրբեջանական կողմը կորուստներ տալով հետ էր շպրտվել:
Տեղեկացնենք, որ Արցախի ՊՆ-ն տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմը տարհանում է իր զոհերի մարմինները և վիրավորներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը