Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. զոհեր եւ վիրավորներ չկան։ Այս մասին ասվում է մարտի 3-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ասկերանի շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական արշավ է իրականացվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը