03 03 2023

Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է. Գերագույն հոգևոր խորհուրդ

Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է. Գերագույն հոգևոր խորհուրդ

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստերն ատենապետել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց է ներկայացրել ԳՀԽ անդամ, ի․գ․դ․ Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ է կատարել երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարևորվել է համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ։ Ծանուցվել է, որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին։

Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակությամբ արձանագրել է, որ տևական դադարից հետո Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար ձևավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական ոլորտների աշխատանքները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը գոհունակությամբ է ընդունել ներկայացված տեղեկությունը և ծրագրել Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություները և հարակից  միջոցառումները կազմակերպել  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրել է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանականերում նախատեսված հոգևոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։

Նշվել է նաև, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը:

Նաթան Սրբազանը տեղեկացրել է, որ ի նշանավորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ: Սրբազան Հայրը նշել է նաև, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ներառել է հատուկ նշվող տոների շարքում:

Ժողովականները  ծանոթացել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի   գործունեության տեղեկագրին: Արձանագրվել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիվը  721 է՝ 49 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգևոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Կարևորությամբ անդրադարձ է կատարվել 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական աջակցության և օժանդակության ծրագրերին։ Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետևանքով Արցախից և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ