ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանը:
Վարդան Հակոբյանը 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ. եղել է նույն թերթի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1991 թ. ընտրվել է Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, շարունակել պաշտոնավարումը ցայսօր:
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի մի շարք թատրոններ բեմադրել են Վ. Հակոբյանի «Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։
Հրատարակվել են Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլն):
Ստեղծագործությունները լույս են տեսել անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով։ Վարդան Հակոբյանի պոեզիան անկախության գրականության առանցքային իրողություններից է:
Պարգևատրվել է ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, գրականության բնագավառում արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
Վարդան Հակոբյանը երկար տարիների մանկավարժական աշխատանքի փորձ ուներ, հայ գրականություն, մշակույթի պատմություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Ղեկավարել է իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:
Արցախյան շարժման ակտիվ գործիչ էր։ Ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988 թ.) աշխատանքները։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից էր, դրա տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է Արցախը մայր Հայաստանին միավորելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը