Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջումհաղորդվում է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», — նրանց ասել է Կիմմո Կիլյունենը։
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը