15 02 2023

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ հայ փրկարարներին գնահատանքի համար



 

Այսօր՝ փետրվարի 15-ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց․

«Նախևառաջ ՀՀ անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած  բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքների: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ: Աշխարհը դրանք հաղթահարելու համար  պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը  մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն:

Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության և աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների աջակցությամբ հաջողվել է անել ամենակարևորը՝ այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:

Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման:

Այս դժվարին պահին գտնվելով  Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև  հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

Ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ