08 02 2023

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել

Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել:

Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:

Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:

Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների:

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, և ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:

Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից. լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:

Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ