07 02 2023

Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդները աշխատասենյակում ծեծել են պարեկներին

Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդները աշխատասենյակում ծեծել են պարեկներին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպատակով, սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի և վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։ Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ