06 02 2023

Արցախի ճանապարհի փակման խնդիրը Երևանում է, իսկ Երևանը գրավված է 2018-ից․ Խաչատուր Գրիգորյան. Ankakh.com

Արցախի ճանապարհի փակման խնդիրը Երևանում է, իսկ Երևանը գրավված է 2018-ից․ Խաչատուր Գրիգորյան. Ankakh.com

 Անկախ-ի զրուցակիցն է «ՋիՋի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որը դեկտեմբեր ամսից գտնվում է շրջափակված Արցախում։

-Խաչատուր, Դուք Արցախ էիք մեկնել «ՋիՋի» ընկերության գործունեության հետ կապված հարցերով, սակայն ճակատագրի բերումով մնացիք Արցախում, քանի որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Բերձորի միջանցքը փակվեց։ Իբրև գործարար՝ ինչպե՞ս արձագանքեցիք այդ ֆորսմաժորային իրավիճակին։

-Նախ ասեմ, որ մենք 2018 թվականից արդեն ֆորսմաժորի մեջ ենք, հետևաբար ես զարմանալի կամ անսպասելի բան չտեսա։ Իհարկե կարելի էր լարվել, զայրանալ այդ իրավիճակից, բայց դա էֆեկտիվ չէ։ Ընդհակառակը՝ միշտ պետք է փորձությունների մեջ նոր հնարավորություններ գտնել, քանի որ ամեն խնդիր նաև հնարավորություն է ծնում։ Ես ուրախացա, որ ավելի երկար պիտի մնամ Արցախ աշխարհում։ Այնպես որ չկա չարիք առանց բարիք։ Միշտ եմ այդ սկզբունքով առաջնորդվում։ Սա հնարավորություն է նաև մեր ամբողջ ազգի համար՝ ստուգելու մեր ուժերը, միասին այս փորձության միջով անցնելու և օգտվելու ստեղծված իրավիճակի հնարավորություններից։ Մնում է՝ կարողանանք դրանից ճիշտ օգտվել։

-Ի՞նչ մթնոլորտ է հիմա Արցախում, Ձեր տպավորությամբ մարդիկ պատրա՞ստ են դիմակայել ադրբեջանա-թուրքական այս ճնշումներին ու մանիպուլյացիաներին։ 

-Արցախում խուճապ չկա, պարտվողական տրամադրություն չկա։ Ի դեպ հայ ազգի այն հատվածը, որը բնակվում է Արցախում, ավելի ուժեղ է, և ես ուրախ եմ, որ դա նաև տեսնում ու զգում եմ։ Արցախցուն չեն կարող իր հողից հանել, նա շարունակելու է ապրել իր հողում, որտեղ ապրել է հազարամյակներով։ Այստեղ այլ մտածելակերպ ու աշխարհայացք է։

-Այսինքն, եթե ճանապարհը բացվի, Արցախից մարդիկ չե՞ն հեռանա։ Վերջերս իշխանության ներկայացուցչի կողմից նման մտքեր էին հնչում։

- Շատերի ցանկությունն է, որ այդպես լինի, բայց այդ շատերի «ինադու» նման բան տեղի չի ունենա։ Իհարկե կարող են լինել մարդիկ, որոնք կհեռանան, միգրացիան նույնիսկ ամենազարգացած երկրներում գոյություն ունի, բայց Արցախի դեպքում դա մեծամասնությանը չի վերաբերում։ Արցախցին իր հողից դուրս չի գալու։

-Դուք Ձեր գրառումներից մեկում նշել եք, որ Արցախի շրջափակման պատճառները պետք է փնտրել Երևանում։ Այսինք Դուք գտնում եք, որ ՀՀ իշխանություններն ունեն հնարավորություն լուծելու Արցախի առջև ծառացած խնդիրները, բայց կա՛մ չեն ուզում, կա՛մ չե՞ն կարողանում։

-Աշխարհի երեսին ենթադրենք կա 10 միլիոն հայություն․ ո՞ր օրգանիզմն է ամենաշատը պատասխանատու հայության համար։ Կամ ո՞ր մարմինն ունի ամենամեծ հնարավորությունները հայության համար ինչ-որ խնդիրներ լուծելու։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այն մարդիկ, որոնք այսօր մեր երկրի ղեկին են, պատասխանատու են այդ խնդիրների լուծման համար։ Գուցե նրանք իսկապես չեն կարող, չեմ ուզում գնահատական տալ, բայց նրանք հատուկ են այնտեղ, որպեսզի չկարողանան։ Այսինքն եթե ուզում ես ինչ-որ մի ընկերություն, մի թիմ քանդել, բերում ես այնպիսի ղեկավար, որն ունակ չէ ղեկավարել այդ թիմը, և այն քանդվում է։ Պետք էլ չի, որ նա միտումնավոր քանդի, նա պարզապես չի կարողանում, և թիմը քանդվում է։ Բայց դա չի նշանակում, որ օրգանիզմը, համակարգը չունի հնարավորություն խնդիրները լուծելու։ Այդ նույն օրգանիզմը, համակարգը ժամանակին կարողացել է Քարվաճառ ստեղծել, Քաշաթաղ ստեղծել։ Հիմա նույնիսկ մի ճանապարհ չեն կարողանում բացել։ Դրա համար ես կարծում եմ, որ այո՝ Արցախի ճանապարհի փակման խնդիրը Երևանում է, իսկ Երևանը գրավված է  2018 թվականից։ Մինչև Երևանը չազատագրենք, մյուս խնդիրները չեն լուծվելու։ Մենք ունենք գրավված մայրաքաղաք, շատերը դրան չեն ուզում հավատալ, բայց դա այդպես է։

-Դուք հրապարակայնորեն քննադատում եք գործող իշխանությանը, մինչդեռ շատ գործարարներ 2018-ից հետո իշխանության հետ ամեն գնով փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել։ Չե՞ք վախենում, որ մի օր ստիպված կլինեք ընտրության առաջ կանգնել՝ բիզնես կամ սկզբունքներ։

-Չեմ կարող ինքս ինձ դավաճանել, դա լուծում չի։ Այո, կա մարդկանց տեսակ, որը գտնում է, որ կարևորը տարվա վերջում ամփոփվող իրենց ֆինանսական թվերն են։ Ես այդ հարցի մասին երկար եմ մտածել և եկել եմ եզրակացւթյան, որ երջանիկ լինելու համար այդ թվերը կարևոր չեն, կարևոր է այն, որ դու չդավաճանես քո սկզբուքները։ Ինչ վերաբերում է ընտրության առջև կանգնելուն, նախ պիտի այնպես անեմ, որ ինձ չկարողանան նման ընտրության առաջ դնել։ Ես համարում եմ, որ ապրում եմ իմ երկրում, և որևէ մեկը չի կարող իմ ստեղծածին կպնել, իսկ եթե փորձի նման բան անել, ապա հակահարված է ստանալու։ Յուրաքանչյուրս պետք է այդպես մտածենք։

-Դուք ոչ միայն քննադատում եք և խոսում խնդիրների մասին, այլ նաև բարձրացնում եք հարցեր, որոնք վերաբերում են մեր ազգային արժեքներին ու շահերին, նաև ոգեշնչում են հազարավոր մարդկանց։ Հատկապես «Մեծ Հայք»-ի գաղափարն եք առաջ տանում։ Ինչո՞ւ եք դա կարևորում, արդյո՞ք դա կարող է ինչ-որ բան փոխել մեր այսօրվա իրականության մեջ։

-Եթե ես գտնվում եմ այս մոլորակի վրա, և այն թիմը, որտեղ ես ծնվել եմ (դա մեր ազգն է), պարտվի, ապա դա իմ անձնական պարտությունն է։ Ես երկար եմ մտածել, որ եկել եմ այս մտքին։ Այս գաղափարը պետք է տարածել ու հասցնել մարդկանց։ Պետք է բոլորը հասկանան, որ եթե ծնվել են այս թիմում, պետք է պայքարեն այդ թիմի հաղթանակի համար։ Ինչքան էլ փորձես փախչել ինքդ քեզանից, դրանով երջանիկ չես լինի։ Լինելով աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներում՝ ես այնտեղ չեմ տեսել իրական, մաքուր երջանկություն։ Հիմա ինձ ասում են՝ նեղության մեջ ես, պաշարված ես և այլն։ Հավատացեք՝ ես ինձ ավելի երջանիկ եմ զգում, քան հազարավոր մարդիկ, որոնք ապրում են իրենց երկրից դուրս՝ օտարության մեջ։ Այստեղ դու շրջապատված ես քեզ հարազատ մարդկանցով, քեզ հետ նույն գաղափարները, նույն արժեքները կիսող մարդկանցով։ Օտարության մեջ դու օտար ես, որևէ էմոցիոնալ կապ չունես շրջապատի մեջ, դու քեզ տանը չես զգում ու չես կարող երջանիկ լինել։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում։ Աշխարհն այլևս խաղում է բաց խաղաքարտերով, առանց ձևականությունների։ Տարածաշրջանը վերադասավորվում է ամենակոշտ մեթոդներով։ Ի՞նչ քայլեր են մեզանից պահանջվում, որպեսզի կարողանանք դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ չկորցնելով ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը։

-Առաջին նախապայմանը՝ Հայաստանի ազգային շահերով առաջնորդվող ղեկավարներ ունենալն է։ Բոլոր խնդիրները լուծելի են, պատմության մեջ միշտ էլ եղել են դեպքեր, երբ թվացել է, թե տվյալ պետությունն այլևս չի կարող գոյություն ունենալ, բայց ճիշտ ղեկավարների շնորհիվ ոչ միայն գոյատևել է, այլև զարգացել։ Եթե քո ազգը ղեկավարում է ուժեղ էլիտա, դու կարող ես ամենավատ իրավիճակից էլ դուրս գալ։ Բայց եթե ամենաուժեղ պետությունն անգամ տան թույլ ղեկավարի ձեռքը, ապա այդ պետությունը կկործանվի։

Պետք է ինստիտուցիոնալ հիշողություն ձևավորել և դասեր քաղել սխալներից։ Ես ինքս, օրինակ, 2018-ին ոգևորված չեմ եղել, նույնիսկ անհանգիստ եմ եղել, բայց նաև մոտեցող այս մեծ փոթորիկը չեմ կանխատեսել։ Ինչո՞ւ, որովհետև այդ ինստիտուցիոնալ հիշողությունը թույլ է եղել։ Հիմա այս իրավիճակը ստիպում է կյանքին այլ կերպ նայել։ Եթե մինչ այդ ես՝ որպես գործարար, փորձում էի բարիք ստեղծել՝ զբաղվելով իմ բիզնեսով, իմ գործերով, հիմա միայն դրանով զբաղվելը շատ քիչ է։ Պետք է պատասխանատվություն ստանձել երկրի ապագայի նկատմամբ։ Մենք այս օրվան ենք հասել ոչ միայն իշխանությունների պատճառով, այլ որովհետև մեր ազգի կարող մարդկանց մասնակցությունն ակտիվ չի եղել հանրային պրոցեսներին։

Հիմա բոլոր կարող ուժերը, որոնք իրենց պատասխանատու են համարում երկրի ու ժողովրդի ապագայի առջև, պետք է ակտիվանան։ Որպեսզի հետո կարողանանք ամեն մեկս հանգիստ մեր կյանքով ապրել, հիմա պետք է կրկնակի ջանք դնենք, ոչ թե կողքի քաշված զբաղվենք մեր գործերով։

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր անհատից շատ բան է կախված։ Եթե ամեն մեկն իր քայլն անի, մենք իրավիճակը կփոխենք։ Մեր մեջ հիմա փորձում են սերմանել այն միտքը, որ մեզանից ոչինչ կախված չէ, մեր փոխարեն որոշում են ուրիշները, ավելի հզոր ուժեր և այլն։ Ո՛չ, ես կտրականապես դեմ եմ այդ կարծիքին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, և ամեն ինչ կարող է սկսվել մեկ անհատի պայքարից։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ