23 01 2023

Ի՞նչ է գրված կառավարության ծրագրում բանակում անվտանգության մասին․ հատված՝ ծրագրից

Ի՞նչ է գրված կառավարության ծրագրում բանակում անվտանգության մասին․ հատված՝ ծրագրից

 

Վարդենիսի «զորանոց» կոչվող խղճուկ խրճիթում 15 զինծառայողների ողբերգական մահը ստիպեց շատերին վերադառնալ թեմային, թե որքան ծանր պայմաններում են ապրում հայ զինծառայողները։ Բազմաթիվ դահմանամերձ շրջաններից հրապարակվում են լուսանկարներ հայկական չկահավորված սահմանագծերի, զորանոցների մասին։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում մեծ բաժին է հատկացված զինված ուժերին՝ «Պաշտպանության ոլորտ․ Զինված ուժերի բարեփոխումներ» խորագրով։

Ներկայացնենք մի քանի պարբերություն, թե ինչ էր խոստանում անել ՀՀ կառավարությունը զինված ուժերում։

  • Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։
  • Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:
  • Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։
  • Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ՝ լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:
  • Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետությանռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների:
  • Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
  • Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։
  • Կառավարությունը կատարելագործելու է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու է Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։
  • Կառավարությունը բարձրացնելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը:

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Փաստացի, ինչպես փաստվում է, կառավարության ծրագրի՝ բանակին վերաբերող դրույթն ամբողջությամբ տապալվել է։

Այս ծրագիրը թեև 2021-26 թվականների համար է, սակայն երկու տարի անց կատարված տեսանելի ոչինչ չկա, իսկ թերացումների արդյունքում արդեն ունենք բազմաթիվ զոհեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ