11 01 2023

Վաղ առավոտից խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը․ Yerkir.am

Վաղ առավոտից խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը․ Yerkir.am

Այսօր՝ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետի որոշումով, ներխուժել են են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն (Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղ) և ընտանիքի (Գերասիմ Վարդանյանի քնած մանկահասակ երեխաների, հաշմանդամ եղբոր ու հիվանդ մոր ներկայությամբ) իրականացնում են խուզարկություն։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գերասիմ Վարդանյանի հարազատները։

Թե ինչ գործով է իրականացվում խուզարկություն՝ այս պահին պարզ չէ։

Հայտնի է նաև, որ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ ժամը երեքին, հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն՝ հարցաքննության։

Հայտնենք, որ հենց երեկ հրապարակվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։

Վճռաբեկ դատարանի նման որոշման հենց հաջորդ օրը վերստին խուզարկություններ իրականացնելը մեկ բանի մասին է փաստում՝ Գերասիմ Վարդանյանի ազատության մեջ մնալը ծանր ոսկոր է Փաշինյանի իշխանության կոկորդին, և ծիծաղելի փորձեր է արվում, որպեսզի նորից «հիմքեր» ստեղծվեն Գերասիմ Վարդանյանին ազատազրկելու համար։

Այդ են փաստում նաև սույն խուզարկության ձևերն ու մեթոդները. իրավապահները գյուղ են ժամանել 4 մեքենայով, որոնցից մեկը հատուկ նշանակության գումարտակի է, շրջափակել են Վարդանյանի տունը, այդպիսով իսկ ապահովել շոուն՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել թե՛ Վարդանյանի ընտանիքի մոտ, թե՛ նրա հայրենի գյուղում։

Թե ինչպես կավարտվի Արցախի շրջափակման այս ճակատագրական օրերին փաշինյանական հերթական ու ճղճիմ բեմադրությունը` կտեղեկացնենք լրացուցիչ։

Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև Գերասիմ Վարդանյանի հարազատների և կուսակցական ընկերների տներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ