Անպտղության հաղթահարման ծրագիրը, որը մեկնարկել է 2020-ին այսուհետ բաց կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում 2021-ին իրականացվել է հետազոտություն եւ պարզվել է, որ ունենք առաջնային անպտղության ցուցանիշների բարելավում, ինչը կապված է թե առողջապահական ծառայությունների հասանելիության, թե իրազեկվածության հետ:
Նախարարը նշեց, որ Հայաստանում երկրորդային անպտղության ցուցանիշների աճ կա, որի հաղթահարման համար նախարարությունը այս նախագծով հնարավորություն է ընձեռում սահմանամերձ բնակավայրերի այն ընտանիքներին, որոնք մեկ երեխա ունեն, դառնալ այս ծրագրի շահառու եւ ունենալ երկրորդ երեխան:
Նա տեղեկացրեց, որ 2020թ-ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում Հայաստանում 250 երեխա է լույս աշխարհ եկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը