16 12 2022

Թուրքիան և Ադրբեջանը ուզում են թուրքմենական գազը հասցնել Եվրոպա

Թուրքիան և Ադրբեջանը ուզում են թուրքմենական գազը հասցնել Եվրոպա

zham.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, Թուրքմենստանն իր գազային պաշարների մեծությամբ համարվում է ամենախոշոր երկրներից աշխարհում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքմենստանը ցանկանում էր իր գազը վաճառել Եվրոպայում, սակայն չուներ արտահանման բավարար հնարավորություններ։ Թուրքմենստանից դեպի Եվրապա գազամուղ հնարավոր էր կառուցել կամ Ռուսաստանի, կամ էլ Իրանի տարածքով: Իրանը, այդ իմաստով նույնպես գազ արտահանող երկիր է, այսինքն ինչ-որ իմաստով Թուրմենստանի մրցակիցն է այդ շուկայում, և բացի այդ Իրանը գտնվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, որի պատճառով էլ Թուրքմենստանի ընտրությունը, մեղմ ասած, մեծ չէր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հենց ռուսական «Գազպրոմն» էլ դարձավ թուրքմենական գազի գլխավոր մատակարարը դեպի եվրոպական շուկա:

Ադրբեջանի փորձերը խաղի մեջ մտցնել, այսպես կոչված, կասպյան գազամուղի կառուցման խաղաթուղթը՝ կյանքի չկոչվեց, քանզի հենց սկզբից Ռուսաստանն ու Իրանը, էկոլոգիական խնդիրների առաջացման հիմնավորմամբ, պարտադրեցին մյուս կասպյան երկրներին փաստաթուղթ ստորագրել, որի համաձայն, Կասպից ծովի տակով արգելվում էր գազամուղ կառուցել «Հյուսիսային հոսքի» կամ «Թուրքական հոսքի» նման: Պարզ էր, որ նման որոշումը, առաջին հերթին թելադրված էր Ռուսաստանի և Իրանի շահերով և օգտվելով այդ հանգամանքից Ղազախստանի և Թուրմենստանի էներգակիրների գազամուղները անցան հիմնականում Ռուսաստանի տարածքով:

Սակայն այսօր, երբ Եվրոպան հրաժարվում է առևտուր անել Ռուսաստանի հետ, թե Ղազախստանը, և թե Թուրքմենստանը հայտնվել են ծանր վիճակի մեջ:

Օգտվելով այս իրավիճակից Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներին էներգակիրների արտահանման «այլնտրանքային» ուղիներ առաջարկել: Հասկանալի է, որ այս հարցում առաջինն իրեն առաջարկում է Ադրբեջանը:

Եվ, ահա, օրերս Թուրքմենստանի մայրաքաղաքում երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները հանդիպեցին այս խնդիրը քննարկելու համար: Որևէ առարկայական հարց չլուծվեց, սակայն Ադրբեջանի նախագահը պահը չկորցրեց առաջարկելու իր երկրի ծառայություններն այս հարցի լուծման համար: Նա թմբկահարում էր այն թեզը, թե իբր Կասպյան ավազանի երկրների ամենամեծ նավատորմը Ադրբեջանն ունի և ուրեմն հենց Բաքուն կարող է թուրքմենական հեղուկ գազը հասցնել դեպի եվրոպական շուկաներ: Հասկանալի է, որ առանց գազամուղի կառուցման թուրքմենական գազը եվրոպական շուկայում չի կարող մրցունակ լինել: Իսկ նման գազամուղ չեն թույլ տա կառուցել Ռուսաստանն ու Իրանը:

Ստացվում է, որ այս խնդիրը Ադրբեջանի միջոցով լուծել չի լինի, բայց Իլհամ Ալիևը օգտվելով այս առիթից մեկ անգամ ավել սկսում է թմբկահարել այն թեզը, թե իր երկիրը կարող է թուրքմենական գազը հասցնել դեպի Եվրոպա, օգտագործելով նաև, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումը: Այն, որ այդ միջանցքից որևէ լուրջ էներգակիր հնարավոր չէ անցկացնել, հասկանում են բոլորը: Լավագույն դեպքում այդ միջանցքով կարելի է անցկացնել բուն Ադրբեջանի պաշարները: Բայց դրանք մեծ ծավալ չունեն և եղածն էլ անցկացվում է Վաստանի տարածքով:

Ստացվում է, որ թուրքմենական գազի թեման Ադրբեջանին անհրաժեշտ է բացառապես քաղաքական աղմուկի համար, որպեսզի միջազգային հանրությունը՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին, ըմբռնումով մոտենա Ադրբեջանի պահանջներին «Զանգեզուրյան միջանցքի» բացման մասով:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ